ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԴԵԺԱՎՅՈՒՆ ՉԿԱՅԱՑԱՎ, ՑՐՎԵ՛Ք

ԴԵԺԱՎՅՈՒՆ ՉԿԱՅԱՑԱՎ, ՑՐՎԵ՛Ք
23.03.2010 | 00:00

Նյութն սկսենք շատ «պաշտոնական» հայտարարությամբ. քանի դեռ Սերժ Սարգսյանը նախագահ է, Ռոբերտ Քոչարյանը չի՛ դառնա վարչապետ: Չեն դառնա վարչապետ նաև «մնացյալ» շահագրգիռները: Սա ասել է Սերժ Սարգսյա՞նը: Կարող էր: Բայց առանց ասելու էլ այնքա՜ն պարզ է:
Այնուհանդերձ, շահագրգիռները մինչև շաբաթվա ավարտ` «մա՜մ, մի քիչ էլ խաղամ» տարբերակով խաղում ու խաղում էին: Աննպատակ: Օսկանյանը մեջլիս էր մտել երկու օրինակից` «տեսա և տպագրա»` «Ա1+»-ում և «Կապիտալում»: Իսկ վերջերս Քոչարյանին հանդիպած, իշխանափոխության հույժ ազգապահպան խնդիրը քննարկած ընկեր Հրանտը մեջլիսում հայտնվեց Օսկանյանից անմիջապես հետո, որպեսզի թեման «տաք» մնա:
Մի խոսքով, անցնող շաբաթվա բոլոր օրերին իշխանափոխության երազախաբությամբ ապրողների գրաֆիկը խիստ հագեցած էր. երկուշաբթի առավոտյան ԱԺ խոսնակն ու ԲՀԿ առաջնորդը «զայավկան» ներկայացրին, կառավարությունից ստացան պատասխանը, հետո խաղի մեջ մտան «իշխանափոխության և հրաժարականների» ջատագովներն ու անձնական օգտագործման ԲՏԵՌ-ները, նրանց պատասխանեցին ՀՀԿ-ականները: Գալուստ Գրիգորիչն ստացավ «զանգ ընկերոջից», Սերժ Սարգսյանն անչափ էկզոտիկ (մեղմ ասած) զրույց էր ունեցել ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարի հետ, հետո, երբ Օսկանյանը դեմոկրատիայի, ազգի և տնտեսական մենաշնորհների թեման ծանրացրել սրտին ու դարակազմվում էր մամուլով մեկ (ուրբաթ երեկո, ժամը 12-ին, չէ, առավել ստույգ` ժամը 18-ին), Սերժ Սարգսյանը նախագահականում զրույց էր ունենում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ;
Բայց դեռ քիչ էլ մնանք «զոնայում»` ներկայացնելու, թե ինչպես էին հինգշաբթի օրը խորհրդարանական «ստալկերներն» ավետում` քաղաքական «վերբովկա» է ընթանում. երկու կողմերն էլ փորձում են ճշտել իրենց ուժային հարաբերությունը (չէ՛, չէ մի, տանձի կորիզ):
Մինչ «կորիզին» հասնելը հաշվենք, թե վարչապետափոխության համար պայքարի ելած «կողմն» ինչ ունի խորհրդարանում, ուր փորձ էր արվում 98-ի հանգույն փոխել պառլամենտի պարունակությունը (բա՜րձր է հնչում) ու հասնել վարչապետափոխության:
Այսպիսով. դաշնակցությունն ունի 16 պատգամավոր, ԲՀԿ-ն` 25, անկախները 11-ն են: Ընդհանուր թիվը` 52:
ՀՀԿ-ից «կողմին» այս պահին հստակ «ծառայում» է Վարդան Այվազյանը: Մի պահ կանգ առնենք այս «դեպքի» վրա: Վերջին զարգացումներն ուղղակիորեն ասում են` նա Վարդան չէ, նա կամիկաձե է: Ճայզարկիչ: Որսորդ` համարյա: «Որսորդների միությանը» երիտասարդն անդամագրվել է այս խորհրդարանի աշխատանքային առաջին իսկ օրվանից. ՀՀԿ ճայզարկիչ պատգամավորը դրանից առաջ եղել է ՀՀՇ երկրորդ էշելոնի ներկայացուցիչ: «Երկրորդն ու էշելոնը» նրա մոտ լավ է ստացվում: Նույնատիպ էշելոնում էր նա 98-ին. արագընթաց ճամբարափոխ եղավ ու դարձավ «Կայունության» երկրորդ դեմքը: Ի դեպ, նա նաև Ջավախքից է, մտերիմ Նորիկ Թևանյանի հետ, որն էլ վերջինիս առաջխաղացման գործում մեծ դեր ունեցավ` երկրորդ էշելոնից առաջին էշելոն տեղափոխվելու հարցում: Նույն Թևանյանն էր, որ օգնեց Վարդանին դառնալու նախարար, 2007-ին էլ` ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի նախագահ: Ասում են` Այվազյանը վերջին շրջանում այլևս կապ չունի Թևանյանի հետ:
Վարդանը նոր տերերի փնտրտուքում է: ՈՒ այդ «փնտրումն» էլ նրան դարձրեց կամիկաձե: Այվազյանը նախ ելավ ու բորբոքվեց ԱԺ ամբիոնի մոտ, թե ի՛նչ վարկ, ի՛նչ բան, էս կառավարությունը (գործադիրի դեֆակտո ղեկավարը երկրի նախագահն է, չէ՞) էս ի՜նչ է անում: «Չեմ թողնի»: Հետո Վարդանն ստորագրեց Սասուն Միքայելյանի «դիմումի» տակ, այդ վարքագիծն առանձին քննարկվեց ՀՀԿ խորհրդի նիստում: Հիմա էլ քաջարի Վարդանը վերցրեց ու էլի` նույն սկզբունքով, առանց ՀՀԿ խորհրդի որոշման, կրկին «այլախոհություն» դրսևորեց` դառնալով իշխանափոխության ջատագովների խոսնակը, մոռանալով, որ «համայնքը զորավոր է, համայնքը չի ներում», որ չեն մոռացվել հայոց ընդերքի ամբողջական սեփականաշնորհման փաստերը (իր կողմից` իր հարազատների անուններով), չի մոռացվել, որ այդ մասին հրապարակումների առնչությամբ ծեծվեց և հիվանդանոցում հայտնվեց Էդիկ Բաղդասարյանը (չար լեզուներն ասում էին` ծեծի «համահեղինակը» Վարդան Այվազյանն էր), և այդպես շարունակ: Չար լեզուներն ասում են նաև, որ Վարդանանց (Վարդան Օսկանյանին կանդրադառնանք ներքևում) այս «սրբազան պատերազմի» արդյունքում պարոն Այվազյանի նկատմամբ ոչ միայն նախագահականի, այլև համապատասխան «իրավական» մարմինների ուշադրությունն է բավականին սրվել:
«Մեր սեղանից` ձեր սեղանին»` հաջորդ «պերսոնը» Դավիթ Հարությունյանն է (ժամանակ չկա բոլորին մեկ առ մեկ անդրադառնալու. կգա այդ ժամանակը): Կարեն Ճշմարիտյանն է: Վոլոդյա Բադալյանը: Աշոտ Աղաբաբյանը... Գումարենք ևս մի քանիսին, ու բոլոր դեպքերում կստանանք էպիկրիզ առ այն, որ ՀՀԿ-ական մեծամասնությունն անխախտ ու կանգուն է, եթե անգամ որևէ մատ (ականջը կանչի Էմմա Խուդաբաշյանի) չի շարժվում, և նախագահականն ընդամենը կիսաժպիտով հետևում է, թե էլ ինչի է ընդունակ մարտնչող «կողմը»:
Ընդ որում, նախագահականն այնքան հանգիստ էր հետևում այդ ամենին, որ ո՛չ միայն չկատարեց նախօրոք պլանավորած ձիու քայլը, այլև արդեն հինգշաբթի օրը հրահանգեց յուրայիններին` «отставить». վարչապետին հորդորեց` մի վերջին անգամ կառավարության նիստին խիստ քաղաքավարի ու քաղաքակիրթ տեղը դնել «պատկան ատյանին» և փակել հարցը:
Եվ այնուհանդերձ, «վերբովկայում» ձախողվածների համար էլ էր, չէ՞, հասկանալի, թե ինչ անհեթեթ խաղի մեջ են իրենք ներգրավվել:
Ճիշտ է, բացի վարչապետափոխությունից, կար ևս մեկ մինիմում նպատակ` թուլացնել իշխանությանը, սակայն նույնիսկ այդ մինի-պլանը չհաջողվեց իրագործել այն պարզ պատճառով, որ Քոչարյանի վարչապետ դառնալու հեռանկարը մեկեն կոնսոլիդացրեց հասարակությանը. բոլորը սարսափեցին այդ իրողությունից` ընդդիմություն, լրատվամիջոցներ, ու միահամուռ «ո՛չ» ասացին դրան` հասկանալով, թե ինչ «սարսափ» ապագա կարող է սպասվել:
Քիչ է մնում մտածես, որ վերջին օրերի այս ողջ անցուդարձը լավ նախապատրաստված քաղտեխնոլոգիա, «փիար» ակցիա էր նախագահականի համապատասխան «փիար» մասնագետների կողմից` Սերժ Սարգսյանի իմիջը բարձրացնելու ուղղությամբ (՞):
Վերադառնանք հինգշաբթի օրվա «վերբովկայի» գերցունց խնդրին: Այսպիսով, որքան էլ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ, այնուհանդերձ, «մամ, մի քիչ խաղամ» օպերացիան նախաձեռնողները հաստատ պետք է հասկացած լինեին, եթե իրենք փորձում են սողացող հավաքագրում իրականացնել, «ռասկաչկայի» տանել քաղաքական դաշտը` իրենց հայտնի մեթոդներով, որն աշխատեց 98-ին, պե՞տք է նաև իմանային, որ 98-ի և այսօրվա միջև հսկայական տարբերություններ կան:
Նախ` այսօր նախագահը, վարչապետը, ուժայինները միասնական են: Էլ չենք ասում, թե քանի վայրկյան պետք կլինի քանդելու նույն ՀՅԴ-ն (որքան մարդ ունի ընկեր Հրանտը ՀՅԴ ֆրակցիայում, արդյոք հաշվե՞լ է, և «մատի» շարժման դեպքում քանի՞սն այնտեղ կմնան. էլ չենք ասում` նման պահերին ընկեր Հրանտին անխոնջ նամակներ գրող, բացահայտումներ անող, ցմահ դատապարտված Արմենակ Մնջոյանի մասին): Որքա՞ն պատգամավոր կմնա ԲՀԿ-ում. դա էլ չենք հարցնում: Իսկ չենք հարցնում, որովհետև խորհրդարանում հայտնվածները երբեք էլ չգիտեն` «իրենց քո՞ւնն է տանում, թե՞ սոված են»: Մատի մեկ շարժումով դա նրանց կասվեր:
Խաղը «տաք» պահելու համար քառօրյայի ավարտին խաղի մեջ մտավ Վարդան Օսկանյանը` «գաղափարական» հիմնավորում հաղորդելու «սրբազան պատերազմին», այն շաղախելով իբր շատ հայրենասիրական սոուսով` ղարաբաղյան խնդրով, որովհետև երկու անգամ Հայաստանում այդ «ծեմածիկան և ծենդենցն» է իշխանափոխության պատճառ դարձել:
Աբսուրդ է, և այնուհանդերձ, ինչպես երևում է` վարչապետ դառնալու, երիտասարդ թոշակառու չմնալու տենդն այնքան հզոր է, որ փոփոխվող աշխարհակարգը, ժամանակաշրջանը որևէ կերպ չեն ազդել իներցիոն մտածողություն ունեցող նախկին իշխանավորների վրա: Կամ` ազդել են: Իշխանափոխություն տենչացողները շատ լավ հասկանում են` եթե ոչ հիմա, ուրեմն այլևս երբեք: ՈՒրեմն` սպասվող զարգացումներում, այն է` 2012-ի ընտրություններում իրենք ոչ միայն քաղաքական քարտեզից դուրս կմղվեն, այլև այնքան կմարգիլանան, որ նրանց մասին հիշելն էկզոտիկա կհամարվի:
Այսպիսով, հասել ենք մեջլիս մտած պարոն Օսկանյանին: Բազմաչարչար հայ «հանդիսատեսին» ուղղված նրա խոսքն սկսվում է Ղարաբաղի մասին մտահոգություններով, հետո «մետրն» այնքան է տարվում առաջադրանքով, որ ուղղակի` դիվանագետին ոչ հարիր մաներայով, խիստ ճակատային խոսում է իշխանափոխության մասին: Ա՜յ-ա՜յ-ա՜յ: Չէ՞ որ նման հարցերը շատ նուրբ են ձևակերպում: Չէ՞ որ նման հարցերը թողնում են պատվերի ձևավորման հանրության միտք-գլուխ-վարքում:
Չե՜ն համբերում: Նյարդերը տեղի են տալիս: Ինչն էլ նշանակում է` թույլ են: Բանի չեն հասնելու: Որովհետև նույն 98-ին պրոցեսը «տակից» ու ահավոր հուժկու էր. ամեն ինչ բացվեց, երբ ամեն բան արդեն որոշված, ավարտված էր և, որպես կայացած փաստ, մատուցվեց հանրությանը: Այս անգամ չէ` պոչից են սկսում: ՈՒ պոչում էլ` մնում:
ՈՒ հիմա արժե՞ հակադարձել նույն պարոն Օսկանյանին, թե` ա՛յ պարոն Օսկանյան, ի՞նչ Լիսաբոնի մասին է խոսքը. ա՞յն Լիսաբոնի, որի ողջ գործընթացը վարում էիք Դուք, օրը մի քանի անգամ զրուցում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որը Ձեզ հարցնում էր` Վարդան, որևէ վտանգավոր բան հո չկա՞ փաստաթղթում: Իսկ Դուք վստահեցնում էիք` «պարոն նախագահ, «ոևէ» վտանգ չկա, մի՛ մտահոգվեք»:
Իսկ հետո նույն նախագահին Դուք կանգնեցրիք կայացած փաստի առաջ: Ի՞նչ արեց «վտանգված» նախագահը` Տեր-Պետրոսյանը, վետո կիրառեց: Ի տարբերություն Ձեզ, պարոն Օսկանյան, և Քոչարյանի, որ 99-ին Ստամբուլի խարտիային տվեցիք Ձեր համաձայնությունը: Խարտիան փաստաթղթային առաջին ձևակերպումն էր, հայոց կողմի համաձայնությունը` Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
ՈՒ հիմա Օսկանյանն անհամբեր ասում է` հրաժարական տվեք. դե՛, էլի՛ իշխանափոխությամբ պայքարենք «այս ամենի» դեմ:
Բա ինչո՞ւ նույն 99-ին հրաժարական չտվիք, պարո՛ն Օսկանյան: 27-ից հետո` էլ չենք ասում: Եվ ընդհանրապես, պարոն Օսկանյան, երբ Տեր-Պետրոսյանի թիմն 98-ի փետրվարի 2-ին հրաժարական էր տալիս ամբողջությամբ` ԱԳ նախարարով, ԱԺ նախագահով, Դուք, որ այն օրերին ջատագովն էիք «փուլային» տարբերակի, ինչո՞ւ Դուք ևս հրաժարական չտվեցիք:
Իսկ այսօր իշխանափոխությո՞ւն եք պահանջում` նոն ստոպ տարբերակով: Եվ հետո, պարոն Օսկանյան, կարծում եք, Ղարաբաղի հարցն այնքան է սրվել, որ իշխանափոխությունը միակ ե՞լքն է:
Մենք չենք կարծում:
Դավիթ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1429

Մեկնաբանություններ